Հայերի նոր ցեղասպանություն Ղարաբաղում մենք թույլ չենք տալու. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս օրերին դեռ չեն հանդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները` կապված ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ: Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ: Կրկին մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվեց», - ընդգծել է նախագահը:
Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի իրական նպատակը կամ ավելի ճիշտ՝ երազանքը Արցախի գրավումն ու հայաթափումն է, ինչի արդյունքում Արցախի բնակչությունը մասամբ պետք է բնաջնջվի, մասամբ բռնագաղթի:
«Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը», - ընդգծել է նախագահը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-