Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ԼՂՀ–ն կպահանջի միջազգային հանրությունից դատապարտել ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների մարմինների խոշտանգման փաստը. հայտարարություն

11.04.2016, 14:33
Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն։
ԼՂՀ–ն կպահանջի միջազգային հանրությունից դատապարտել ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների մարմինների խոշտանգման փաստը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն, նշվում է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։

Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։.

Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։

«Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները», – նշվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–