Լավրովը ոչ մի առաջարկություն չի բերել Երևան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կամ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ առաջարկության ոչ մի փաթեթ չի բերել Երևան, ասաց լրագրողներին կիրակի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը այցելելուց հետո:
Նա նշեց, որ այցի ընթացքում չի քննարկվել նաև փոխզիջումների հարցը` ավելացնելով, որ կան առաջարկներ համանախագահների կողմից, որոնք բարձրաձայնվել են նախագահների մակարդակով, և դրանք բոլորին հայտնի են:
Նրա խոսքով, Հայաստանը պատրաստ էր բանակցությունների, իսկ Ադրբեջանը դրանք անտեսեց:
«Եթե այդ առաջարկները ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա բանակցային գործընթացը փակուղում չէր հայտնվի և նման գործողությունների չէին գրանցվի (ագրեսիան Ղարաբաղում, խմբ.), այդ իսկ պատճառով Բաքուն փորձեց լուծել հարցը ռազմական ճանապարհով, բայց այստեղ ևս պարտություն կրեց», - ասաց Նալբանդյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի։
Նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիայի հետևանքով բանակցությունների գործընթացին լուրջ վնաս է հասցվել:
Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ համանախագահների և միջազգային հանրության հետ միասին հարկավոր է ջանքեր գործադրել այդ վնասը փոխհատուցելու համար:
«Դա անելը շատ դժվար կլինի, քանի որ կան զոհեր: Միջազգային հանրությունը փորձում է Ադրբեջանին կարգի հրավիրել և վերադարձնել կառուցողական հունի մեջ, շարունակել բանակցությունները, որոնց այլընտրանք չկա», - եզրափակեց Նալբանդյանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-