Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Լեռնային Ղարաբաղի մասին Անկարայի հայտարարություններն ապակառուցողական են. ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

15.12.2015, 10:47
Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են։
Լեռնային Ղարաբաղի մասին Անկարայի հայտարարություններն ապակառուցողական են. ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են, վստահ է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ` ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար։

«Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և չեն կարող շարունակություն ունենալ», – ասել է Լուկաշևիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում` մեկնաբանելով Թուրքիայի ղեկավարության այդ հայտարարությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–