Նալբանդյանը նշել է ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ պայմանները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այն քայլերը, որոնք համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, մայիսի 10-ին կայացած հանդիպման ժամանակ Նալբանդյանը դեսպան Զալբերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։
Այս առումով Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, դրանց իրավական հիմքի շուրջ բանակցություններին:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0–