Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Փաշինյան. վաղն առավոտից բողոքի ավելի լայնածավալ ակցիա է սկսվելու

16.04.2018, 20:30
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց ընդդիմադիր շարժման հետագա գործողությունները։
Փաշինյան. վաղն առավոտից բողոքի ավելի լայնածավալ ակցիա է սկսվելու

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ներկայացրեց ընդդիմադիր շարժման հետագա գործողությունները։

Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։

Երկուշաբթի կեսօրին Բաղրամյան պողոտայում խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշն ու շարժվել դեպի ՀՀ ԱԺ–ի շենք։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և փշալարեր։ Վնասվածքներ են ստացել մի քանի ցուցարարներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև երեք ոստիկան։

«Վաղը մենք կկրկնենք «Փակիր փողոցը» ակցիան, և այն կլինի ավելի լայնամասշտաբ, մենք պետք է արգելափակենք Ազգային ժողով տանող բոլոր մուտքերը», – ասաց Փաշինյանը։

«Պետք է այդ փողոցները փակենք հնարավոր բոլոր միջոցներով` մեքենաներով, աղբամաններով, նստարաններով, բեռնատարերով, ԿԱՄԱԶ–ներով, ինչով հնարավոր է», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, բողոքի ակցիաները պետք է լինեն ապակենտրոնացված, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում ոստիկանները ևս ցրվում են և չեն կենտրոնանում մեկ ուղղությամբ։

«Կոչ եմ անում հանրապետության բոլոր քաղաքների և գյուղների բնակիչներին վաղը դուրս գալ փողոց, փակել հանրապետական նշանակության բոլոր մայրուղիները։ Կոչ եմ անում նաև բուհերին և դպրոցներին հայտարարել համահայաստանյան գործադուլ և դասադուլ», – նշեց Փաշինյանը։–0–