Ռուստամյան. ՀՅԴ–ն ինքնուրույն կգնա խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնակցությունն ինքնուրույն կգնա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլ ոչ թե դաշինքի կազմում, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք ասելիք ունենք, ունենք սեփական մտահոգությունները։ Որոշ վտանգներ ենք տեսնում այս փուլում, և այս կապակցությամբ կմասնակցենք որպես ընդդիմություն և կներկայացնենք ժողովրդին մեր տեակետներն ու առաջարկները։ Վստահ եմ, որ անկախ արդյունքներից` դա օգտակար գործընթաց կլինի երկրի համար», – ասաց նա։
Ռուստամյանի խոսքով, այս ընտրություններն ազդակ կդառնան այն մարդկանց համար, ովքեր չեն տեսնում վտանգները։
Ինչ վերաբերում է դաշինքով հանդես չգալու որոշմանը, ապա, խմբակցության ղեկավարի խոսքով, այն պայմանավորված է կուսակցության առանձնահատկությամբ։
«Դաշնակցությունը քաղաքական դաշտում ունի իր առանձնահատկությունը, և հաշվի առնելով դա` մենք նախընտրում ենք այս անգամ ևս միայնակ մասնակցել ընտրություններին», – ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական տվեց` խորհրդարանն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։
Գործող վարչապետի հրաժարականից հետոԱԺ խմբակցությունները կառավարության հրաժարականի ընդունումից հետո 7–օրյա ժամկետում իրավունք ունենք առաջադրել վարչապետի թեկնածու։ Միաժամանակ, նոր վարչապետի օգտին պետք է քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Վարչապետի ընտրություններն անցկացվում են անվանական քվեարկությամբ։ Եթե ԱԺ–ն ընտրում է վարչապետին, ապա նախագահն անմիջապես նշանակում է կատարում։ Եթե քվեարկությունից հետո յոթնօրյա ժամկետում վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնցում մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն լուծարվում է իրավունքի ուժով։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի կեսին։–0–