Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+16

ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում

12.01.2018, 11:55
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Նշվում է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:

«Իշխանությունները, սակայն Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է քննարկվում», - նշվում է այսօրվա հրապարակումներում:  

Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու տասն անդամից, հինգը լինելու են Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Նշվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող: 

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հարցին, թե ու՞մ թեկնածությունն են առաջադրելու, պատասխանեց, որ իրենք դեռ քննարկումներ չեն արել այս հարցի շուրջ և չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

«Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ իրենք դեռ չեն քննարկել հարցը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանեց, որ իրենք, անպայման, ցանկանում են թեկնածուներ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում, սակայն դեռ հստակ չեն որոշել՝ ում:

ՀՅԴ խմբակցությունից չցանկացան պատասխանել «Հայկական ժամանակի» հարցերին. խմբակցության պատգամավորները պնդում էին, թե զբաղված են»,-գրում է «Հայկական ժամանակը»: