Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Սարգսյան–Ալիև հանդիպման փաստն ակնկալվող արդյունքներից ավելի կարևոր է. քաղաքագետ

18.12.2015, 20:21
Դեկտեմբերի 19–ին Բեռնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման փաստն այսօր ավելի կարևոր է, քան ակնկալվող արդյունքները։
Սարգսյան–Ալիև հանդիպման փաստն ակնկալվող արդյունքներից ավելի կարևոր է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 19–ին Բեռնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման փաստն այսօր ավելի կարևոր է, քան ակնկալվող արդյունքները, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագիտական ակումբի առաջին նիստի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Սարգսյան–Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19–ին Բեռնում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

 «Իրականում, այս հանդիպումը հենց հիմնական արդյունքն է` հաշվի առնելով բանակցային գործընթացի երկարատև բացակայությունը։ Ոչ ոք չի ակնկալում, որ հանդիպումից հետո կարող է բանակցային գործընթացում գրանցվել զգալի առաջընթաց», – ասաց Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Միաժամանակ նա հնարավոր է համարում, որ նախագահների հանդիպումը կարող է ֆորմալ կամ սիմվոլիկ ձևով ազդել ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության վրա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–