Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ

31.05.2016, 18:29
Ապրիլի սկզբին ԼՂ–ի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարսյանը Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

Նրա խոսքով, ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում:

«Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է», - ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքով, վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: «Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից», - ընդգծել է Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: «Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով», - ընդգծել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում է կայացել, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ:

«Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը», - մեջբերել է նախագահի խոսքերը պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: -0-