Սարգսյան. պատերազմը արդարացված է միայն այն դեպքում, երբ այլ ելք չկա
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նեկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ պատերազմը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ այլ ելք չկա:
Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների ներկայությամբ:
«Պատերազմի մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև ինքս տեսել եմ, թե ինչ բան է պատերազմը, և չէի ցանկանա, որ բոլորն էլ տեսնեն կամ մեկ անգամ ևս կրկնվեն այդ իրադարձությունները: Միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, դա այն է, երբ որ դու պարտադրված ես, այլ ելք չունես: Պետք է քո հողը պաշտպանես, քո հայրենիքը պաշտպանես: Մեր ժողովուրդն այդ ընտրությունը վաղուց է կատարել և դա ցույց տվեց ապրիլի ադրբեջանական պրովոկացիան: Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվեն այդ իրադարձությունները», - ասել է Սարգսյանը:
Խոսելով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների մասին, նա նշել է, որ չարժե մեծ ուշադրություն դարձնել պայմանավորվածության ձեռքբերմանը` «հաշվի առնելով անցյալի մեր փորձը»:
«Մենք քսան հանդիպում ենք ունեցել: Այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել», - ասել է Սարգսյանը:
«Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագահներին և ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Վստահ եմ, որ դուք պատկերացնում եք իմ պատասխանը: Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը: Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը դա է», - ավելացրել է նախագահը:
Նա նշել է, որ հայկական կողմի համար կարևորը այլ է, որպեսզի համանախագահները մեկ անգամ ևս համոզվեն, որ «մեր նպատակը ստատուս քվոյի պահմանումը չէ և հավերժ պատերազմելը չէ»:
«Մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կորուստներ չունենանք», - ավելացրել է երկրի նախագահը:
Նախագահը նշել է, որ արդարացված չի համարում «մեր լավագույն տղաների հանուն հայրենիքի զոհվելը»:
«Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն, հանուն հայրենիքի ապրեն: Բայց եթե, նորից եմ կրկնում, ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել: Որովհետև չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների», - ասել է Սարգսյանը:
Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկած շփման գծի դիտարկման ռեժիմի հաստատման դեպքում հայկական կողմը կհայտնվի շահավետ դիրքում, քանի որ նրան «ուղղակի պետք չէ խախտել հրադադարի ռեժիմը»: -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:06 17.05.2016