Ուժային սպառնալիքները խանգարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուժային սպառնալիքները կամ դրա կիրառումը վնաս են հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Մենք համամիտ ենք, որ ուժային սպառնալիքները կամ դրա կիրառումը լիովին անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` չորեքշաբթի Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–