«Վրացական երազանքը» չի բացառում Աբխազիայի երկաթուղու բացումը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կոալիցիան չի բացառում Աբխազիայի երկաթուղու բացումը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված օն–լայն հարցազրույցում ասաց վրացի փորձագետ, Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի (CRRC) տնօրեն Կոբա Տուրմանիձեն։
«2013 թ.–ի օգոստոսին անցկացված մեր վերջին հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 75 տոկոսը կողմ է այդ մոտեցմանը։ Սակայն երկաթուղու բացումն իմաստ կունենա, եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն։ Այժմ այս ամենը Ռուսաստանի համապատասխան քայլերի բացակայություն է թվում, հնարավոր է` այնտեղ փոխզիջման բանակցություններ սկսելու համար բավարար առավելություններ չեն տեսնում», – նշել է փորձագետը։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թվականի հունվարին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր Աբխազիայի տարածքով 1992-1993 թվականների վրաց–աբխազական զինված հակամարտության հետևանքով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին։
Վրաց–աբխազական երկաթուղային հատվածի բացումը տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի, քանի որ դա ամենակարճ և ամենաէժան ճանապարհն է դեպի Ռուսաստան։ -0-
Արդիականության հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ ինտերնետ ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց մասին հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնումը և «առաջին ձեռքից» ստացված տեղեկատվության միջոցով փոխադարձ վստահության հաստատումը» նախագծի շրջանակներում։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) այդ նախագիծն աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:19 28.10.2013