Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ուորլիք. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր կքննարկվեն ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում

08.07.2016, 12:46
Վարշավայում նախատեսված ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր կքննարկվեն, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ուորլիք. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր կքննարկվեն ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վարշավայում նախատեսված ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր կքննարկվեն, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Վարշավայում եմ` ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Սա լավ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկումը», – գրել է Ուորլիքը։

Նախօրեին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8–ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան։ 

Լեհաստանում Սերժ Սարգսյանը կմասնակցի Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

«Հայկական ժամանակ» թերթն իր հերթին գրում է, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

   Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։


Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-