Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու հարցը քննարկվել է ՀԱՊԿ ԽՎ–ում

30.10.2013, 18:24
Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու հարցը հնչել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Պաշտպանության և անվտանգության հարցերով Խորհրդարանական վեհաժողովում, որը բացվել է չորեքշաբթի Երևանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու հարցը քննարկվել է ՀԱՊԿ ԽՎ–ում
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու հարցը հնչել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Պաշտպանության և անվտանգության հարցերով Խորհրդարանական վեհաժողովում, որը բացվել է չորեքշաբթի Երևանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Այս հարցը բարձրացվել է Հայաստանի խորհրդարանի անդամների կողմից քննարկումների ընթացքում... Մենք հասկանում ենք այդ մտահոգությունը, և հարցադրումը կանենք հետագա պայմանագրային միջազգային հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այդ թվում, ՀԱՊԿ երկրների միջև, քանի որ, ինչպես հասկանում ենք, այդ հարցը մտահոգություն է առաջացնում»,– լրագրողներին ասաց ՀԱՊԿ պաշտպանության և անվտանգության հարցերով ԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ, Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնին։

Նա միաժամանակ ավելացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես ինքնիշխան, իրավական պետություն և որպես ՀԱՊԿ անդամ–պետություն, կատարում է իր բոլոր պարտավորությունները ցանկացած երկրի առջև։

«Եթե ստորագրվել են միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր, ապա գործում են իրավունքի միջազգային նորմեր, դրանք բոլորն ամբողջովին կատարվում են բոլոր պետությունների առջև։ Եթե մենք խոսում ենք օրենքի տառի մասին, ապա ՌԴ–ի համար որևէ սահմանափակում որևէ նորմատիվ ակտով, պայմանագրով կամ համաձայնագրով նախատեցված չէ։ Համապատասխանաբար, հարցն ավելի խորը ենթատեքստ ունի»,– ասաց Վիբորնին` ավելացնելով, որ այդ դեպքում խոսքը, հավանաբար, օրենքի ոգու մասին է։

Հանձնաժողովի ղեկավարի խոսքով, Հայաստանին սպառնացող վտանգի հարցն Ադրբեջանին սպառազինելու պատճառով առանձին կքննարկվի։ «Աշխատանքը չի ավարտվել։ Հարցը բարձրացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ–ում։ Այսօր մենք կարծիքներ ենք փոխանակել, մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնցով ապրում է Հայաստանը, մենք կշարունակենք աշխատանքը»,– ասաց Վիբորնին։

Նա ավելացրել է, որ Երևանում հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան ԱԻՆ և Պաշտպանության նախարարության ղեկավարների հետ։

Նրա խոսքով` մշտական հանձնաժողովի նիստում դիտարկվել են օրակարգի ավելի քան տասը հարցեր։ «Բոլոր այդ հարցերը վերաբերել են, հիմնականում, մի կողմից, ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի պաշտպանությանն ու անվտանգության, ռազմաքաղաքական իրավիճակին, իսկ մյուս կողմից` ՀԱՊԿ անդամ– երկրների ազգային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը»,– նշեց Վիբորնին։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմի դիրքորոշումն է` անել հնարավորինը որևէ երկրի նկատմամբ սպառնալիքներ և մարտահրավերներ թույլ չտալու համար, հատկապես եթե դա վերաբերում է ՀԱՊԿ անդամ պետությանը։
 
Մասնավորապես, նա արդիական մարտահրավեր է անվանել Աֆղանստանի իրավիճակը, տեխնածին վտանգներն ու կիբերվտանգները։

ՀԱՊԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ քննարկումների հիմնական մասն ուղղված էր Կովկասի ռազմաքաղաքական դրության ուսումնասիրմանը։

«Բնականաբար, այդ առումով դիտարկվել են անվտանգության վրա ազդող բոլոր անդրտարածաշրջանային և տարածաշրջանային գործոնները, և, առաջին հերթին, հաշվի առնելով Հայաստանի անվտանգությունը»,– ասաց Հարությունյանը։

Նա ավելացրեց, որ կարծիքներ են փոխանակել այնպիսի ցավոտ հարցերի շուրջ, ինչպիսին են տարածաշրջանում սպառազինության և ռազմական տեխնիկայի ավելացման հարցը, այսինքն` ռազմականացման գործընթացը, Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները Ադրբեջանի կողմից։

«Մենք նկատի ունենք Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ ձգտումները` օգտագործել ռազմական գերազանցությունը հակամարտության կարգավորման ուժային տարբերակի համար։ Մենք քննարկել ենք ՀԱՊԿ ԽՎ աշխուժացման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես, եկել ենք այն հետևության, որ ՀԱՊԿ խորհրդարանական կառույցները պետք է նոր ազդակներ ստանան»,– ասաց հայ պատգամավորը։

Ըստ նրա, Խորհրդարանական Վեհաժողովը կարևոր դեր է խաղում Կազմակերպության քաղաքական կայացման հարցում, և այդ ուղղությամբ մշակվել են որոշակի քայլեր։ «Մասնավորապես, մենք քննարկել ենք ՀԱՊԿ ԽՎ առաջիկա նիստերից մեկում հակամարտությունն ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով լուծելու փորձերի կանխման առիթով հայտարարությամբ, առավել ևս, մենք գիտենք, որ դա հղի է անկանխատեսելի հետևանքներով»,– նշեց Հարությունյանը։ -0-