Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

ՀԱՊԿ–ի առջև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտության գոտիներում խաղաղապահների մուտքի հարց երբեք չի դրվել. Բորդյուժա

21.10.2013, 14:27
ՀԱՊԿ–ի առջև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտության գոտիներում խաղաղապահների մուտքի հարց երբեք չի դրվել, տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՀԱՊԿ–ի առջև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտության գոտիներում խաղաղապահների մուտքի հարց երբեք չի դրվել. Բորդյուժա
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ–ի առջև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտության գոտիներում խաղաղապահների մուտքի հարց երբեք չի դրվել, տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Մեր առջև երբեք հարց չի դրվել, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահները մուտք գործեն որևէ թեժ կետ կամ սառեցված հակամարտության տարածք», – հայտարարել է նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած տեսա–ասուլիսի ընթացքում։

Բորդյուժայի խոսքերով` դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ՀԱՊԿ խաղաղարար ուժերը հայտնվել են մի քանի տարի առաջ և այժմ համատեղ մարտական պատրաստության ժամանակաշրջան են անցնում։

«Մերձդնեստրում արդեն կան ՌԴ խաղաղապահներ, ովքեր բավականին հաջող են կատարում իրենց խնդիրը, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այնտեղ հատուկ կարգավիճակ է, և որոշումների ընդունումը հնարավոր է միայն երկու պետությունների համաձայնության դեպքում», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին
վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-