Չորս քաղաքական ուժ է անցնում ՀՀ խորհրդարան. առաջատարը ՀՀԿ–ն է. 75% ընտրատեղամասերի տվյալներ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորս քաղաքական ուժ է անցնում ՀՀ խորհրդարան 2009 ընտրատեղամասերից 1676–ի տվյալների մշակման արդյունքում, վկայում են ԿԸՀ–ի կայքի տվյալները։
Իշխող ՀՀԿ–ն հավաքում է ձայների 49,24 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 27,60 տոկոսը, «Ելք» դաշինքը` 7,53 տոկոսը, ՀՅԴ–ն` 6,66 տոկոսը։
Խորհրդարան անցնելու համար սահմանված է շեմ, որը կուսակցությունների համար կազմում է 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։
Միաժամանակ, «Հայկական վերածնունդը» հավաքում է ձայների 3,69 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 2,09 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը` 1,59 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը`0,88 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 0,72 տոկոսը։
ԿԸՀ տվյալներով, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 մարդ։ Ընտրություններին քվեարկել է 1 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86 տոկոսը։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
BS/The Gallup Organization–ի և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացված Exit Poll–ի նախնական տվյալներով, ՀՀ ազգային ժողով է անցնում չորս քաղաքական ուժ` ՀՀԿ–ն , «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ–ն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:08 03.04.2017