Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. բռնությունը շփման գծում խաթարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը

21.01.2014, 13:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի երեկվա միջադեպը, հայտարարել է, որ բռնությունն ու լարվածությունը խաթարում են խաղաղ կարգավորման ջանքերը։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. բռնությունը շփման գծում խաթարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի երեկվա միջադեպը, հայտարարել է, որ բռնությունն ու լարվածությունը խաթարում են խաղաղ կարգավորման ջանքերը։

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Փոխհրաձգության արդյունքում զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

«Շփման գծում տեղ գտած բռնությունը և լարվածությունը խաթարում են խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ցավում եմ մարդկային կորստի կապակցությամբ»,– գրել է Ուորլիքը Twitter–ի իր միկրոբլոգում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-