ԵԱՀԿ ՄԽ–ն ողջունում է Հայաստանի` հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու հավատարմությունը
06.02.2015,
15:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները ողջունում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի` Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու հավատարմությունը, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները ողջունում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի` Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու հավատարմությունը, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հաջող հանդիպում կայացավ, որի ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Մենք ողջունում ենք նրա հավատարմությունը լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,– գրել է Ուորլիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև տեղադրել է Մյունխենում միջազգային միջնորդների հետ Նալբանդյանի հանդիպման լուսանկար։
Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-