ԵՏՄ–ին անդամակցությունը Հայաստանի վրա շատ դրական կազդի. Վալովայա
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վրա շատ դրական կազդի ԵՏՄ–ին անդամակցությունը, համոզված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան։
«Կարծում եմ, որ Հայաստանին դա շատ բան է տալիս։ Առաջինը, ԵՏՄ–ն, որպես նոր միջազգային կազմակերպություն, կսկսի գործել 2015 թ.–ի հունվարի 1–ից, և հաջորդ օրը տեղի է ունենում ԵՏՄ–ի առաջին ընդլայնումը, կմիանա Հայաստանը, որի վրա այս ամենը շատ դրական կանդրադառնա», – նախօրեին Մոսկվայում լրագրողներին ասաց Վալովայան։
«Ձեր արտահանողները, ես դրանում համոզված եմ, այդ թվում նաև փոքր բիզնեսը կզգան, որ ամողջովին այլ կերպ են հատելու ցամաքային սահմանը, իսկ բեռները օդային ճանապարհով տեղափոխելու դեպքում սահմաններ ընդհանրապես չեն լինի», – ավելացրեց նա։
Վալովայայի խոսքերով` ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված խնդիրը վաղուց քննարկվել է։
«Ֆիզիկական սահմանը ժամանակակից դարաշրջանում այդքան էլ կարևոր չէ, կարևոր են փաստաթղթերը։ Եթե մեր երկրների միջև սահմաններ կան մաքսային տուրքերի հարցում, ապա հարկավոր է ձևակերպել մաքսային հայտարարագիրը, եթե անգամ չկա տուրք, ապա հարկավոր է վճարել գանձումները, հարկավոր է ներկայացնել անհրաժեշտ բոլոր հավաստագրերը, դա լրացուցիչ բեռ է հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Իսկ այստեղ նման բան չի լինի, և դուք այդ ամենը կզգաք», – նշեց նա։
Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, ՀՀ քաղաքացիները կգտնվեն ՌԴ–ում նույն պայմաններով, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները։
«Դա նշանակում է, որ պետք չէ որոշակի ժամանակահատվածի համար հաշվառվել, պետք չէ աշխատանքի թույլտվություն ստանալ, քվոտա մուտք անել։ Հայաստանի քաղաքացիներին բավարար է միայն աշխատանք գտնել, և նրանք այստեղ կարող են աշխատել ըստ մասնագիտության, ոչ մի քվոտա և թույլտվություն պետք չէ։ Ինձ թվում է, որ սա բավականին մեծ ձեռքբերում է», – ասաց Վալովայան։
ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերի 10–ին։ Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացվել է ԵՏՄ բոլոր անդամ երկրների կողմից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:09 24.12.2014