Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ իշխանությունները վստահ են Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում. Սարգսյան

12.12.2013, 13:11
«Հայկական իշխանությունները վստահ են, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարն անպայման իրականություն կդառնա»,– հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
ՀՀ  իշխանությունները վստահ են Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայկական իշխանությունները վստահ են, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարն անպայման իրականություն կդառնա»,– հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

«Ինտեգրացիոն գործընթացների համադրումը բխում է բոլոր կողմերի շահերից` հնարավորություն տալով բազմապատկել տնտեսական զարգացման հնարավորությունները և ամրապնդել տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ու կայունության համակարգը»,– «Եվրոպական ինտեգրացիա 2013. «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարները» միջազգային համաժողովի բացման ժամանակ ասաց նա։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց Հայաստան-Եմ երկխոսության հարաբերությունների օրակարգը, և որ Հայաստանը շատ է կարևորում այդ փաստը:

«Հայաստանի մասնակցությունը եվրոպական ընտանիքին մեր երկրի գիտակցված և աներկբա ընտրությունն է»,– ասաց Սարգսյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Վիլնյուսում  «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը Եվրամիության հետ կնախաստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը։

«Եվրոպական ինտեգրացիա 2013.«Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարները» միջազգային համաժողովը կազմակերպվել է «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայկական ազգային հարթակի կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։ –0–