ՀՐԱՏԱՊ. Կարապետյանը կհանդիպի Փաշինյանի հետ և կդիմի գլխավոր դատախազին պատգամավորների մասին միջնորդությունը ԱԺ–ից հետ վերցնելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի հայտարարել է, որ գնում է հանդիպման ԱԺ ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը ԱԺ–ից հետ վերցվի։ Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք։ Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք հայերս, անկախ նրանից` ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն կա, ինչքան չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել», – հայտարարչել է Կարապետյանը։
Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։
Կիրակի` ապրիլի 22–ին, «Մարիոթ» հյուրանոցում «Ելք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շանտաժ է անվանել ընդդիմության գործողությունները: Նա զգուշացրել է, որ այդ գործողությունների շարունակության դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ընդդիմության վրա: Սերժ Սարգսյանի գնալուց հետո Փաշինյանը նշել է, որ ակցիաներն ամբողջ հանրապետությունում կշարունակվեն կրկնակի ծավալով: Ավելի ուշ Արցախի պողոտայում անցկացվող երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը բերման են ենթարկվել: Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվել են։–0–