Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, գաղտնալսել են հինգ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հատուկ ծառայությունները

25.11.2013, 13:37
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները, ամենայն հավանականությամբ, գաղտնալսվել են ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից, հաղորդում է Deutsche Welle–ն` հղում անելով գերմանական ԶԼՄ–ներին։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, գաղտնալսել են հինգ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հատուկ ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները, ամենայն հավանականությամբ, գաղտնալսվել են ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից, հաղորդում է Deutsche Welle–ն` հղում անելով գերմանական ԶԼՄ–ներին։

Ինչպես հայտարարել է Գերմանիայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան գերմանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում, հետախուզական տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ կանցլերի բջջային հեռախոսի նկատմամբ հասանելիություն են ունեցել նաև Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Կորեայի հետախուզական ծառայությունները։ Բեռլինի ընդարձակ կառավարական թաղամասը հիանալի հնարավորություններ է տրամադրում հեռահաղորդակցական լրտեսության համար, նշել է աղբյուրը։

80 սմ տրամագծով պարաբոլաձև ալեհավաքը և մի քանի սարքեր, որոնք ազատ կարելի է գնել ինտերնետում, թույլ են տալիս հասանելիություն ապահովել հետաքրքրող բջջային հեռախոսի նկատմամբ։ Գերմանիայի հատուկ ծառայությունները Բեռլին գերմանական կառավարության տեղափոխումից առաջ զգուշացնում էին կառավարական թաղամասում բարձրաստիճան քաղաքական գործիչների հեռախոսազրույցների գաղտնալսման վտանգի մասին, գրում է ՌԲԿ–ն։

Գերմանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Գերմանիայում այժմ մասամբ դիվանագիտական քողարկման տակ աշխատում է Գլխավոր հետախուզական վարչության, Արտաքին հետախուզական ծառայության և Անվտանգության դաշնային ծառայության 120 ռուս գործակալներ, որոնցից 60–ը զբաղված են Գերմանիայի ողջ տարածքում տեղեկատվական գործակալների հավաքագրմամբ։ 2012 թ.–ին ՊԴՀ անվտանգության մարմինների տվյալներով` ավելի քան 100 գերմանացի քաղաքական գործիչներ, զինվորականներ, գիտնականների և գործարարներ օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու առաջարկ են ստացել։–0–