Կառավարության կառուցվածքը կփոխվի, իսկ նիստերը կանցկացվեն դռնփակ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կփոխվի կառավարության կառուցվածքը, կստեղծվի առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ նիստերը կանցկացվեն դռնփակ, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործողության մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է առաջին փոխվարչապետի պաշտոնի ներդնում:
«Օրինագծով նախատեսվում է, որ կառավարությունը կազմավորված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Նոր կառավարությունում կլինի 18 նախարար», - ասաց Հարությունյանը:
Նորամուծությունների շարքում նա նշեց պարտադիր երդմնակալության արարողությունը նախարարների կողմից`հաշվի առնելով նաև այն, որ խորհրդարանի ու դատական համակարգի անդամները նույնպես երդվում են: Բացի այդ, նախատեսվում են իրավիճակներ, երբ վարչապետը պարտադիր պետք է հրաժարական տա, մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալուց կամ անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում։
Լրացումներով նախատեսված կարևոր դրույթների թվում նա նշեց կառավարության դռնփակ նիստերի անցկացումը: Վարչապետի որոշմամբ միայն բացառիկ դեպքերում կառավարության նիստերի հատվածները կանցկացվեն բաց ձևաչափով:
Ընդ որում, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսված են լուսաբանման ու անցկացված նիստերի մանրամասները հասարակությանը ներկայացնելու երաշխիքներ։
«Հայաստանը բացառություն է ամբողջ աշխարհում բաց նիստեր անցկացնելու տեսանկյունից, ինչը հաճախ հանգեցնում է բացասական հետևանքների: Այսօր անգամ ամենաժողովրդավարական երկրների կառավարության նիստերը դռնփակ են», - ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, կառավարության դռնփակ նիստերի անցկացումը թույլ է տալիս ավելի անկեղծ ու ազատ քննարկել տարբեր հարցեր` հանդես գալով քննադատություններով այս կամ այն դրույթի մասին։
Միաժամանակ նա նշեց, որ խոսքը ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կառավարության նիստերին մասնակցելու արգելքի մասին է` ավելացնելով, որ այսօր նիստերին մասնակցում են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք ներառված չեն կառավարության կազմում։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև «Պետական կառավարման մարմինների մասին» օրենքում, որով կարգավորվում է իշխանության տարբեր մարմինների, այդ թվում` նախագահի, վարչապետի ու տարբեր պետական կառուցվածքներին առընթեր գործող մարմինների ձևավորման ու գործողության կարգը: -0-