Հայաստանի կառավարությունում տեղափոխությունների հնարավորությունը չի բացառվում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներքաղաքական զարգացումները կարող են կառավարությունում տեղափոխությունների հանգեցնել, եթե երկիրը սկսի կրկին զարգանալ ԵՄ–ի հետ ասոցացման ռեժիմում, չորեքշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աշոտ Եղիազարյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ–ն չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրացիայի այս երկու ձևաչափերն անհամատեղելի են։
«Եթե Հայաստանը կրկին ուղղությունը փոխի դեպի Եվրոպա, ապա երկրին անհրաժեշտ կլինի ավելի ուժեղ կառավարություն, որը համապատասխան փոփոխությունների իրականացման ներուժ կունենա և ընդունելի կլինի ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների կողմից», – ասաց Եղիազարյանը։
Նրա խոսքերով` դեռևս բարդ է պատկերացնել այդ գործընթացը, սակայն առաջիկա ամիսների ընթացքում իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ եվրոպական զարգացման ուղղությունը Հայաստանի համար այլընտրանք չունի։
Նա նշեց, որ արտաքին քաղաքական զարգացումները առաջիկայում մեծ նշանակություն կունենան Հայաստանի ներքաղաքական գործընթացների համար, քանի որ ակնհայտ է, որ ԱՄՆ–ի և ԵՄ–ի պաշտոնյաները դեռևս բավականին կոշտ դիրքորոշում են դրսևորում Հայաստանի նկատմամբ, «քանի որ նրանք Հայաստանը տեսնում են միայն Եվրոպայի կազմում, այլ ոչ թե Ռուսաստանին ստորադաս վիճակում»։
Հայկական ԶԼՄ–ներում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հայտնի է դեպի եվրաինտեգրում իր ուղղվածությամբ և բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի համար նպատակահարմար չէ ՄՄ–ին միանալը, կարող է ազատվել պաշտոնից Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշման ներքո։–0–