Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Ոչինչ չի մոռացվել, հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում. Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը

24.04.2015, 12:28
«Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը՝ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915 թվականին և շարունակվեց հաջորդ տարիներին, աննախադեպ էր իր ծավալներով և հետևանքներով»,– Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը  նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ոչինչ չի մոռացվել,  հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում. Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը

 ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը՝ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915 թվականին և շարունակվեց հաջորդ տարիներին, աննախադեպ էր իր ծավալներով և հետևանքներով»,– Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը  նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ  Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Մինչ այդ, Հայոց ցեղաասպանության զոհերի հիշատակի սգո ծաղկեպսակ է դրվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ, որին  մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակը դնելուց հետո հնչեց Հայաստանի պետական օրհներգը դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորած  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ։

«Երեկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին. նրանք այլևս զոհեր չեն, այլ իրենց հեղված արյամբ մահվան և չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր և արդարության կոչ անող երկնային զինվորներ»,–նշեց Հայաստանի նախագահը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին կատարվել է 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգը։Վերջինը հայոց պատմության մեջ սրբադասվել է պատրիարք Մովսես Տաթևացին, ով մահացել է 1650–ականներին, իսկ սրբադասվել է 100 տարի հետո` 1750–ականներին։ 

Նախագահ Սարգսյանը նշեց, որ հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվել և բնաջնջվել է համաձայն պետականորեն մշակված ծրագրի՝ բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ:

«Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներևակայելի վայրագությունները: Մի մասն էլ վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը»,–ասաց նա։:

Հայաստանի նախագահը ցավով նշեց, որ , ապրիլ ամիսն իր սև հետքը թողել է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պատմության մեջ: Այդ ամիսն է համարվում նաև Հոլոքոստի, Ռուանդայում և Կամբոջայում իրագործված ցեղասպանությունների սկիզբը: Եվ այսօր, նույն ապրիլ ամսին, մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ բարձրաձայնելու. «Թո՛ղ այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» և «գիզոզիներ» չլինեն»,–ասաց նա:

«Եվ այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք և միախառնվելով օրերս Սուրբ Աթոռում մատուցված խորախորհուրդ պատարագի ելևէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռված քույր եկեղեցիների միասնական ղողանջներին, թո՛ղ ցրի հարյուրամյա ժխտողականության խավարն ու վերջ դնի նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, ցեղասպանության սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին: Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտավոր ենք փոխանցել հաջորդ սերունդներին»,–հայտարարեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մենք պարտավոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկությունը մեկ անգամ ևս կդավաճանի իր տված «այլևս երբեք» խոստմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարծես թե դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի մի նոր հանգրվան. միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ և միջազգային կառույցներ ճանաչեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ՝ քրեականացրին այն մերժելու, ժխտելու փորձերը մեկ համոզմունքով՝ դա է համաշխարհային պատմության մութ էջերը լուսավորելու և նման էջեր այլևս չգրելու միակ ուղին»,–ավելացրեց նա։:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ նաև տեղահանության և աքսորի տառապանքներից հետո Սիրիայի Դեր Զորի անապատում վախճանվեցին հարյուր հազարավոր հայերի փաստին: Նա նշեց, որ Դեր Զորում հուշարձան ու եկեղեցի էր կառուցված, որտեղ ամփոփված էին մեր նահատակների մասունքները: Մի քանի տարի առաջ այդ եկեղեցու բակում ես արտասանել եմ հետևյալ խոսքերը. «Մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին»: Դեր Զորի եկեղեցու բակում, երբ հնչում էին այս բառերը, ես այսօրվա պես նայում էի առաջ: Անցյալ տարի այդ նույն եկեղեցին հուշարձանի հետ միասին ուղղակի պայթեցվեց: Մեր զոհերի մասունքներն ու ոսկորներն անգամ մինչև այսօր ոմանց հանգիստ չեն տալիս:

Նախագահը երախտագիտություն հայտնեց ցեղասպանության ժամանակ տեղահանված հայերին օգնության ձեռք մեկնած ժողովուրդներին և պետություններին.«Մարդկության հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, ուստի համամարդկային պատմությունն առանձնահատուկ երախտագիտությամբ է մշտապես հիշում և հիշատակում այն բոլոր մարդկանց, երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք, օգնության հասնելով ամենածանր պահին, փրկեցին ոչ թե միլիոնավոր մարդկանց ֆիզիկական գոյությունը միայն, այլև մարդկության հանդեպ մարդու սպանված հավատը։ Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստե՛ղ է խնդրի արդիականությունը:»։

Նախագահն ընդգծեց, որ այսօր էլ Հայոց ցեղասպանությունը մերժող դաժան, բայց նահանջող մեքենային ողջ աշխարհում դիմակայում են խիղճն ու ազնվությունը։ Հենց խիղճն ու ազնվությունն են մերժողականության հականիշը։ Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին։ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ։

«Ուստի համայն հայության անունից շնորհակալ եմ Ձեզ, Նախագա՛հ Անաստասիադես, Նախագա՛հ Նիկոլիչ, Նախագա՛հ Օլանդ, Նախագա՛հ Պուտին, շնորհակալ եմ միջազգային ողջ հանրությանը` ի դեմս այստեղ ներկայացված պետությունների և միջազգային կազմակերպությունների, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, բոլոր նրանց, ովքեր կուզենային մեր կողքին լինել: Մենք շնորհակալ ենք աշխարհի երկրների քաղաքացիական հասարակություններին և միջազգային մամուլի ներկայացուցիչներին, որոնք բարձրաձայնել ու բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մեկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»,– նշեց Հայաստանի Նախագահը:

Երկրի ղեկավարը հայտարարեց, որ  հայ ժողովուրդը այսուհետ ևս մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործած հանցագործություններից: Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու:

Իր երախտագիտությունը հայտնելով ներկաներին` Նախագահ Սարգսյանը եզրափակեց, «Շնորհակալ եմ, որ այստեղ եք՝ վերահաստատելու ձեր հանձնառությունը համամարդկային արժեքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացվել, ասելու, որ հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում»:

Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ծրագրված են ապրիլի 24–ին։–0–