Նոր Սահմանադրությամբ ՀՀ քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթի ժամանակ։
Նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին։
«Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացի ուղղությունների, ժամանակացույցի և անհրաժեշտ հետևողականության մասին: Կարծում եմ՝ արդեն կարող ենք բարձրաձայնել, որ մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը», – նշել է ՀՀ նախագահն ու ավելացրել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ:
«Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ», – ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ:
«Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում», – նշել է նախագահը։
«Սահմանադրական փոփոխությունների իրականացման այս փուլում կարևոր եմ համարում ապագայի մասին մեր պատկերացումները ևս մեկ անգամ բարձրաձայնելը: Եվս մեկ անգամ հնչեցնենք մեր գաղափարները: Նորից հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը: Ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն: Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղն ու դերը աշխարհում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեր զավակների, սերունդների համար: Միգուցե նորություն ասած չեմ լինի, միգուցե կրկնվեմ, բայց հատկապես այս փուլում մեկ անգամ ևս ամրագրելը պարտադիր եմ համարում, որպեսզի վաղը, մյուս օրը տարբեր մեկնաբանություններ չլինեն», – ավելացրել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը վստահություն է հայտնել, որ բոլորն են այսօր մտածում՝ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: Ինչպե՞ս անել, որ որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասու լինեն բոլորին: Ինչպե՞ս անել, որ հայրենասիրությունը երբեք սոսկ խոսք չլինի, ինչպե՞ս անել, որ հայրենիքի հզորացումը յուրաքանչյուրի երջանկության գրավականը լինի:
«Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը: Արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են մեզ օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը, մեր բոլորի միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան», – ընդգծել է ՀՀ նախագահը։
«Մենք պարտավոր ենք հասնել սոցիալական համերաշխության երկրի ներսում: Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, և մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը», – նշել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ:
«Մենք չպիտի բավարարվենք միայն Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմամբ: Աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում: Այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող, գրավիչ, հույսեր ներշնչող օրրան: Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից: Սա՛ են պահանջում Հայաստանի շահը և ապագան: Սա՛ են պատգամել մեր նախնիները: Ու մեզնից յուրաքանչյուրի վարքը չափվում է հենց այս արժեքներով. եթե որևէ արարք կհզորացնի մեր երկիրը, կոգևորի մեր ժողովրդին, արժանի է դրվատանքի, հակառակը՝ պարսավանքի», – նշում է նախագահը։
«Տարածաշրջանի իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի հարկադրված ենք ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնել կարողացող, իր ուժերին վստահ պետություն, որտեղ բոլորը, եթե կարիքը լինի, պատրաստ լինեն դառնալ հայրենիքի զինվոր», – ընդգծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված կամ որևէ կառույցի անդամագրվելով պայմանավորված կամ էլ ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն:
«Դրանք մեր առջև ծառացած մարտահրավերներ են, մեր քաղաքական կյանքը, մեր իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ», – ասել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` անհավասարությունը, անարդարությունն, անպատժելիությունը, հիասթափված ժողովուրդն, աղքատությունն, արտագաղթը ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներ են:
«Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ: Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից հարյուր անգամ բարձր գնահատող հանրային ծառայող: Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք՝ սա որևէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է», – ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ այսօր առկա է մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա:
«Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով և պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց», – շեշտադրել է նախագահը։
Նա այս առիթով երկու հստակ դիտարկում է արել. «Նախ «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա, հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց։ », – ընդգծել է ՀՀ նախագահը։
«Մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Այո՛, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, և մենք ենք լուծողը այդ խնդիրների: Մեզնից յուրաքանչյուրը, ինչպիսին որ ուզում է տեսնել իր շրջապատը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հասարակությունն ու պետությունը, առաջին հերթին ինքն է պարտավոր այդպիսին լինել: Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ: Իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ: Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքից ու պահվածքից է կախված հավատը դեպի սեփական պետությունը: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ իշխանությունը թափանցիկ է և ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա և ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, և որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով, արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է և անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու և պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ, հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր, տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով, շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար, մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, լիարժեք ինքնադրսևորվում են, զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ և կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ, սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է», – նշում է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար։
«Մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները: Ու սա վերաբերում է բոլորիս՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Նրա կարծիքով` պետք է վերացնել այն համոզմունքը, որ բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը կամ որևէ մեկը, բայց ոչ մեզնից յուրաքանչյուրը:
«Ինքներս մեզ կերտելու, քայլ առ քայլ հաջողությունների հասնելու ցանկությունը ամենատարածվածը չէ մեզանում: Այս ամենի հետևանքն են՝ նախաձեռնության բացակայությունը, նոր գաղափարների պակասը, հանրային բանավեճի, այդ թվում քննադատական ելույթների ցածր որակը: Հանրային համաձայնությունը, աջակցությունը սովորաբար արտահայտվում են լռությամբ: Առարկությունները շատ հաճախ զգացմունքային են, խայթող, բայց միաժամանակ մակերեսային և պատասխան չենթադրող: Մեր ժողովրդին բնորոշ են ռազմական խիզախությունը, հավատարմությունը, հյուրընկալությունն ու բարությունը: Իսկ կաշառակերությունը, գողությունը, մտավոր և հոգևոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետևողականորեն պետք է ազատվել: Ասել եմ և էլի եմ ասում՝ բարեկեցության աղբյուրը աշխատանքն է:Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ և ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, և դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն», – հայտնել է ՀՀ նախագահը։
«Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը և ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել և պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը: Քաղաքական մշակույթը չի կարելի վերափոխել առաջատար հասարակությունների քաղաքական սովորությունների պարզ ընդօրինակման շնորհիվ: Արդյունավետ դատական համակարգը չի կարելի ներմուծել: Ազատությունը անհնարին է արտագրել գրքից, անգամ, եթե դա շատ խելացի գիրք է: Մենք անպայման կսովորենք ուրիշ ազգերից, կուսումնասիրենք փորձը, կդիտարկենք նրանց հաջողություններն ու անհաջողությունները ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքում: Բայց ոչ ոք մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը: Ոչ ոք մեր տեղը չի դառնա ազատ, հաջողակ և պատասխանատու: Միայն ժողովրդավարության կառուցման մեր սեփական փորձը մեզ իրավունք կտա պնդելու, որ մենք ազատ ենք, հաջողակ և պատասխանատու: Օգնում են մարդկանց, ովքեր ձգտում ունեն, ձգտում չունեցողներին սոսկ ողորմություն են տալիս: Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն: Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից: Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, և որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի: Այլ երկրներում այս խնդիրը լուծել են», – նշել է նախագահը։
Նրա խոսքով` 2012 թվականին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Հայաստանում պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն ստանձնեց՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաև նրանց գործունեության թափանցիկությունը:
«Այս համատեքստում ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարևորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը», – նշել է նախագահը։
«Ավելորդ է ասել, թե ինչպիսի նոր, բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների առջև է կանգնած այն տարածաշրջանը, որտեղ մեր հայրենիքն է: Բնականաբար, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Մեզ ասելով ես նկատի ունեմ և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ աշխարհասփյուռ հայությունը: Բայց մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաև հնարավորություն է: Հնարավորություն է նորովի բացահայտելու, գնահատելու այն ուժը, որ մենք ունենք, այն ահռելի պոտենցիալը, որ մենք ունենք, ու որը դեռ մնում է ոչ լիարժեք բացահայտված ու իրացված: Մեկ հայացքն անգամ մեր երեկվա պատմությանն ու մեր լայն հարևանությամբ տեղի ունեցող գործընթացներին բավարար է արձանագրելու այն գինը, որն ունի քաղաքական կայունությունը մեր երկրում, ունի մեր պետականության անվտանգ ընթացքի համար: Երբ ես խոսում եմ քաղաքական կայունության մասին, նկատի չունեմ այդ եզրի կարծրացած ընկալումներն ու մեկնաբանությունները, որ մինչ օրս երբեմն-երբեմն արծարծվում են մեր մամուլում և որպես մտահոգություն բարձրաձայնվում է մեր որոշ քաղաքական ընդդիմախոսների կողմից: Սահմանադրության փոփոխություններն էականորեն ամրացրել են մեր երկրում քաղաքական կայունության երաշխիքները, ամրագրել են պետական իշխանության ձևավորման և դրա իրացման նոր փիլիսոփայությունը, հստակեցրել են քաղաքական իշխանության ու ընդդիմության նոր դերակատարությունը: Բայց այդ ամենը միս ու արյուն պետք է ստանա իրականության մեջ՝ սնվելով մեր գործողություններից ու որոշումներից, քաղաքական ուժերի վերանայված վարքագծից ու նրանց հանրային ընդլայնված պատասխանատվությունից: Մենք այլընտրանք չունենք, քան անցնել այդ ճանապարհով՝ փոխելով մեր իրականությունն ու վերափոխելով մեզ: Մենք պետք է գիտակցենք, որ այս պայմաններում պարտավոր ենք ճկուն լինել և ընդունել որոշումներ, որոնք դեռ երեկ կարող էին թվալ անընդունելի կամ դեռ չհասունացած», – շեշտադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` քաղաքական կայունության ամենանշանակալի երաշխիքը քաղաքական-կուսակցական համակարգի շարունակական կայացումն է, հասարակության վստահության ամրապնդումը հասարակական-քաղաքական հոսանքների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ:
«Մեր ընտրած պետական կառավարման խորհրդարանական մոդելը հենց դա էլ պարտադրում է: Վստահ եմ՝ ժամանակի հետ, գուցե մեզ համար էլ աննկատ, երկրում ձևավորվելու է քաղաքական նոր մշակույթ, երբ քաղաքական կուսակցությունների վարքագիծը կլինի զուտ մրցակցային, և անցյալում կմնան երկրի ներսում թշնամիներ փնտրելու արատավոր վարքագիծն ու սեփական հաջողությունը բացառապես այլոց ձախողման մեջ տեսնելու անհեռատես քաղաքական մտայնությունը», – նշել է նախագահը։
Նրա խոսքով` նույնիսկ ամենալայն աջակցություն ունեցող քաղաքական իշխանությունը պարտավոր է ականջալուր լինել հանրային տրամադրություններին, հասարակության սպասելիքներին՝ առաջնորդվելով հանրային պատվերով։
«Նույնիսկ ամենաինքնավստահ իշխանությունը չպետք է մերժի համագործակցությունը, ջանքերի մեկտեղումը բոլոր այն միավորների ու անհատների, ովքեր իրենց բաժին մասնակցությունն են ուզում բերել մեր պետականաշինության գործին: Մերժելի է մտածողությունը, թե մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը կամ ավելի հայրենասեր ենք, քան նրանք, ովքեր քաղաքական իշխանության մաս չեն կազմում կամ երբեմն ամենասուր ձևով քննադատում են մեզ: Բոլոր նրանք, բոլոր այն քաղաքական միավորները, ովքեր իրենց սեփական պատկերացումներն ունեն մեր երկրի հետագա ընթացքի, մեր ունեցած խնդիրների հաղթահարման ճանապարհների վերաբերյալ, պետք է հավասար հնարավորություն ունենան հայցելու հասարակության աջակցությունն ու կյանքի կոչելու իրենց ծրագրերը: Այս հարցում Սահմանադրության փոփոխություններով ամենալուրջ երաշխիքներն ապահովված են, և այն զուգորդվելու է մեր հաստատուն քաղաքական կամքի հետ: Մենք պարտավոր ենք հաջողության հասնել այս երկար ճանապարհին: Ակնհայտ է, որ այս գաղափարները կենսագործելու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն ունենալ լավ ընտրական օրենսգիրք, այլև անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ: Ընտրական նոր համակարգը պետք է պատրաստ լինի տեղայնացնել սահմանադրական ամրագրում ստացած այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են լրիվ համամասնական ընտրակարգը, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեր հատկացնելը և այլն», – նշել է նախագահը։
Նրա կարծիքով` խիստ կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է:
«Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Միաժամանակ այն պետք է ապահովի նաև քաղաքական փոքրամասնության այնպիսի ներկայացվածություն, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները», – նշել է նախագահը։
«Տեղեկացնեմ, որ մենք արդեն սերտորեն աշխատում ենք ընտրական գործընթացներում մասնագիտացած հեղինակավոր միջազգային կառույցների հետ Հայաստանում քվեարկության ժամանակակից մեխանիզմների ներդրման ուղղությամբ», – ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով` նախորդ տարիներին մեկնարկած մարտահրավերները նորովի են ներկայանում նաև երկրի տնտեսության առջև՝ առաջ բերելով նոր ջանքերի, տնտեսական ծրագրերի և յուրահատուկ մոտեցումների ներդրման հրատապ անհրաժեշտություն։
«Փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում կապահովի նաև այն իրավական հենքը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման և ավելի արագ առաջ մղման համար: Սակայն առանց այսօրվա անհրաժեշտ գործողությունների համալիրի հնարավոր չի լինելու ապահովել առաջընթացը: Այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների օրակարգի առաջին հորիզոնականում պետք գտնվեն հետևյալ հարցերը. առաջինը մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումն է: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են գլոբալ զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում և այլուր երկրները բախվում մակրոտնտեսական անկայունությունների հետ, որոնց ձգձգման պարագայում առաջ է գալիս տնտեսական ճգնաժամի վտանգ», – շեշտադրել է ՀՀ նախագահը։
«Այս տեսանկյունից 2015 թվականը մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1 տոկոս, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միևնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7 տոկոս, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում: Նմանատիպ պատկեր ունենք նաև ազգային արժույթի վարքագծում: Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1,8 տոկոսով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում: Նշեմ նաև, որ 2015 թվականին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով՝ կազմելով 184 441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8,2 տոկոս, և 7 տոկոս՝ մասնավոր հատվածում: Արտաքին բացասական ազդակներն այսօր էլ շարունակվում են, և մենք աշխատանքի նույն տեմպը պահելու խնդիր ունենք: Այս առումով խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի դիսցիպլինար՝ մեծ ուշադրություն դարձնելով ինչպես հարկահավաքման սահունությանը, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության վրա: Բոլոր պետական գերատեսչությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն մեծացնելու յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցի ստեղծած արդյունքը», – ավելացրել է նախագահը։
Նրա խոսքով` թեև անցած ժամանակահատվածներում պետությանը հաջողվել է ֆինանսական շուկաները զերծ պահել անհարկի վայրիվերումներից, ապագայում պետք է ապահովել անհրաժեշտ զգոնությունը՝ օպերատիվ կերպով հակազդելու ֆինանսական շուկաներ ներթափանցած բացասական ազդեցություններին։
Նա վստահություն է հայտնել, որ Կենտրոնական բանկն ունի կարողություններ և մշակված անհրաժեշտ գործիքակազմ իր խնդիրներն իրագործելու և ժամանակին արձագանքելու արտածին բացասական գործոններին:
«Հաջորդը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է և նոր ներդրումների ներգրավումը: Այո՛, 2015թ. տնտեսական տարվա 3.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում, ի համեմատություն տարածաշրջանի և Հայաստանի գործընկեր երկրների, հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ: Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործընթացների արագացման և նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում, ընդունված կանոն է, որ արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը և բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել և արտաքին ներդրողներին ներկայացնել: Հաջորդը տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրում: Յուրաքանչյուր երկրում տնտեսական առաջընթաց դիտարկվում է, երբ տնտեսավարողները գործունեություն ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկար են տեսնում: Իսկ օբյեկտիվ գործոնների ներքո իրացման շուկաներում պայմանների վատթարացման դեպքում այդ հեռանկարները մշուշվում են՝ թուլացնելով տնտեսավարողների մոտ գործունեություն ծավալելու խթանները: Հետևաբար մեզ համար գերխնդիր պետք է լինի օպերատիվ կերպով ախտորոշել ներմուծման հետ մրցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորի ստեղծման միջոցով նոր ազդակներ հաղորդել տնտեսավարողներին: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցության գործող հարթակները՝ այդ թվում գործող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված գործարար խորհուրդները, որոնք ավելի կդյուրացնեն վերոնշյալ խնդիրների լուծումը», – ընդգծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եվ ի վերջո, այստեղ մեկ անգամ էլ հիշատակեմ այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսում ենք: Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է: Անշուշտ, այստեղ էլ կարելի է ասել, թե իրականությունը հետ է մնում հռչակած նպատակներից. դա իրոք այդպես է: Բայց նախ դա ամենևին չի նշանակում, որ առաջընթացը պետք է չտեսնելու տանք, և երկրորդ՝ դրված նպատակների և իրականության միջև առկա խզումը մեզ պետք է ոչ թե մղի չխոսելու նպատակների մասին, այլ պետք է մղի համարժեք քայլերով արագացնելու այդ նպատակների ձեռքբերումը», – նշել է նախագահը։
Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու:
«Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված և հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաև անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի և չի կարող խուսափել նաև համաշխարհային շուկայի ազդակներից: Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն:Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս և գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից: Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է և որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչև այսօր», – ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով` Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող: Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է: Մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: Ակնհայտ է, որ այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, և մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ», – նշել է նախագահը։
Նախագահի խոսքով` պետության արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է և մշտապես հեռու է մնացել որևէ արկածախնդրությունից:
«Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական և փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձևավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին և կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից: Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին: Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները: Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները: Անշուշտ, արտաքին գործերի նախարարությունն այս հարցերի շրջանակի միակ և առաջին պատասխանատուն չէ: Ուստի և այստեղ խիստ կարևոր է դառնում դիվանագետների համադրված աշխատանքն էկոնոմիկայի նախարարության և համապատասխան մյուս գերատեսչությունների հետ: Այս բնույթի միջգերատեսչական համագործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների մասին մենք դեռ առանձին խոսելու ենք», – ընդգծել է նախագահը։
Նախագահը շեշտել է նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղն այսօր երաշխավորված չէ։
«Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն և պակաս արժեք չեն մեր հասարակության համար: Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ: Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը», – նշել է ՀՀ նախագահը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:14 12.02.2016