Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Ֆրանսիան երբեք չի մոռանա հայոց ցեղասպանության ողբերգության մասին. Օլանդ

24.04.2015, 13:14
Ֆրանսիան երբեք չի մոռանա հայոց ցեղասպանության ողբերգության մասին, ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում կայացած հիշատակի արարողության ժամանակ։
 Ֆրանսիան երբեք չի մոռանա հայոց ցեղասպանության ողբերգության մասին. Օլանդ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիան երբեք չի մոռանա հայոց ցեղասպանության ողբերգության մասին, ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում կայացած հիշատակի արարողության ժամանակ։

Երևանում անցկացվում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներ։ Արարողություններին մասնակցում են բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի ավելի քան 40 երկրներից, այդ թվում, խորհրդարանների, կառավարությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արարողակարգի հյուրերի թվում են` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

«Խոնարհվում եմ զոհերի հիշատակի առջև և ասում իմ հայ բարեկամներին, որ մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որ վերապրել է ձեր ժողովուրդը»,– ասաց Օլանդն իր ելույթում։

Նա հիշեց, որ հենց Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան 1915 թվականի մայիսին համատեղ հռչակագիր ընդունեցին, որում դատապարտվում էին հայերի զանգվածային սպանությունները, որոնք փաստաթղթում ստացել են «մարդկության դեմ հանցագործություններ» անունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–