Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում երկկողմ փոխգործակցության մեջ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության զարգացման մեջ կարևոր տեղ է վերապահված Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նշվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ։
Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երևան, որը, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է քննարկելու Երևանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հարցերը:
Բարձր գնահատելով հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի օր առաջ Երևան այցելած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առիթ է եղել քննարկելու նաև երկկողմ հարաբերությունների օրակարգն ու այն առաջ մղելու և հարաբերություններն առավել ամրապնդելու հետ կապված հարցեր:
Նախագահի խոսքով, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցերն ու շփումները զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը:
Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ընդունելության, իսկ գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետին, հրավերի և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Նա գոհունակությամբ է խոսել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված սերտ համագործակցության մասին, որն ամրապնդվել է այցի շրջանակներում այսօր Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում ստորագրված համագործակցության հնգամյա ծրագրով:
Հայաստանի Նախագահը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:
Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:54 30.04.2015