Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Գյուղի սոցիալական զարգացումը ՀՀԿ-ի առաջնահերթ խնդիրներից է. Սարգսյան

11.04.2012, 16:05
Գյուղի սոցիալական զարգացումը Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնահերթ խնդիրներից մեկն է, չորեքշաբթի Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գյուղի սոցիալական զարգացումը ՀՀԿ-ի առաջնահերթ խնդիրներից է. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գյուղի սոցիալական զարգացումը Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնահերթ խնդիրներից մեկն է, չորեքշաբթի Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ գյուղի զարգացման ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այնտեղ առանց կյանքի որակ ապահովելու՝ անհնար է գյուղատնտեսության զարգացումը»,- ասաց նա: 

Ըստ Սարգսյանի, կառավարությունը կշարունակի գյուղատնտեսությանն ուղղված ծրագրեր իրականացնել, և ժամանակի ընթացքում այդ ծրագրերն առավել առարկայական կդառնան, իսկ դրանց արդյունքները՝ առավել զգալի:

Նախագահը նշեց նաև, որ պետությունը պարտավոր է գյուղացիների համար հասանելի դարձնել վառելիքը, ոռոգման ջուրը, պարարտանյութերը, իսկ գյուղացիներն էլ իրենց հերթին պետք է ավելի շատ աշխատեն, որպեսզի ապահովեն սեփական բարեկեցությունն ու «կերակրեն» համաքաղաքացիներին:

«Մեր խնդիրն է գյուղացիների համար հասանելի դարձնել այն ծառայությունները, որոնք մեր կյանքն առավել հարմարավետ են դարձնում, հատկապես՝ ինտերնետը, գազամատակարարումը, առողջապահությունը, ապահովել ճանապարհների որակը: Եթե մենք կարողանանք այդ ամենն անել, ապա գյուղում կյանքն առավել նախընտրելի կդառնա, քան քաղաքի իրարանցումը»,- ավելացրեց նա:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գրանցվել է 1991թ.-ին: 1990-1997թթ.-ին այն գլխավորել է Աշոտ Նավասարդյանը, նրա մահից հետո կուսակցության վարչության նախագահ է դարձել Անդրանիկ Մարգարյանը, ով 2000թ.-ից զբաղեցրել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնը: 2007թ.-ին Մարգարյանի մահից հետո ՀՀԿ-ն գլխավորեց Սերժ Սարգսյանը: -0-