Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

25.11.2015, 14:27
Նոյեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը:
 Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը:

Այդ  ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը».-ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:  

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-