Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանն ու Թուրքիան շահագրգռված են երկկողմ տնտեսական համագործակցությամբ. ՍԾՏՀ գլխավոր քարտուղար

12.12.2013, 17:22
Հայաստանն ու Թուրքիան շահագրգռված են երկկողմ տնտեսական համագործակցությամբ, կարծում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը։
Հայաստանն ու Թուրքիան շահագրգռված են երկկողմ տնտեսական համագործակցությամբ. ՍԾՏՀ գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանն ու Թուրքիան շահագրգռված են երկկողմ տնտեսական համագործակցությամբ, կարծում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը։

«Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան դրա վառ հաստատումն է, այսինքն շահագրգռվածություն կա երկու կողմից», – լրագրողներին հինգշաբթի ասաց Ցվիրկունը Երևանում ՍԾՏՀ անդամ–երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպման հետնաբեմում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Նա նշեց, որ ՍԾՏՀ–ն չի միջամտում իր անդամների քաղաքական հարցերին և տարաձայնություններին` ընդգծելով, որ կազմակերպությունը զուտ տնտեսական ուղղվածություն ունի։ Սակայն նրա խոսքերով` կազմակերպությունը տարածաշրջանի բոլոր երկրների համար հաղորդակցության բացառիկ հարթակ է տրամադրում, նույնիսկ այն երկրների միջև, որոնք չունեն ոչ դիվանագիտական, ոչ քաղաքական հարաբերություններ։

«Այդ հարթակը հնարավորություն է տալիս շփվել, լուծել բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք վերաբերում են, առաջին հերթին, տնտեսական համագործակցությանը, քանի որ մենք համոզված ենք, որ տնտեսական համագործակցության, տնտեսական կապերի հաստատման միջոցով, կարելի է նպաստել այլ խնդիրների լուծմանը», – ասաց Ցվիրկունն` ավելացնելով, որ կազմակերպությունը ձգտում է կոնկրետ տնտեսական խնդիրների մշակման և իրականացման միջոցով նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Համաձայնելով լրագրողների կողմից ներկայացված այն տեսակետի հետ, որ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտորեն շաղկապված են` Ցվիրկունն ընդգծեց, որ տնտեսական համագործակցության միջոցով հաստատվում են վստահության միջոցներ, որոնք կնպաստեն քաղաքական հարցերի լուծմանը։

Նա ավելացրեց, որ քաղաքականությունն ու տնտեսությունն իրարից բաժանելու փորձերը հաջողությամբ իրականացվում են, մասնավորապես` Ստամբուլի և Երևանի միջև կանոնավոր ավիաչվերթեր են իրականացվում։ «Դուք ուզում եք ասել, որ սա տնտեսական բաղկացուցիչ չէ՞», – ասաց Ցվիրկունը։

Այս ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերի թվում նա նշեց օղակային ավտոմայրուղուն Հայաստանի միացումը և բեռնափոխադրումների հետ կապված այլ նախագծերի իրականացումը, ինչը, նրա խոսքերով, զգալիորեն կնպաստի տնտեսական զարգացմանը, առաջին հերթին` ենթակառուցվածքի զարգացմանը։

Անդրադառնալով նախարարների հանդիպման օրակարգին` ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նշեց, որ քննարկվել են սերտիֆիկատին վերաբերող հարցեր, «այսինքն երբ տրանսպորտը հնարավորություն ունի ուղարկման կետից մինչև վերջնական կշռման կետ չանցնել լրացուցիչ կշռում, ինչը թույլ կտա էականորեն կրճատել ճանապարհի ժամանակը, պահպանել հաճախորդների փողերն ու վստահությունը»։

Բանակցությունների ժամանակ անդրադարձել է կատարվել նաև permit-ին` անդրսահմանային հատմանը, որը զգալիորեն նպաստում է առաջին հերթին մեծ բեռնատարների բեռնափոխադրմանը։

Նրա խոսքերով` քննարկվող հարցերի երրորդ կետը սոցիալական և մշակութային ոլորտներում համագործակցության հարցն է եղել։ Այդ ոլորտների նախագծերից մեկը ՍԾՏՀ երկրների հյուրընկալության ավանդույթների նախագիծն է։

Պատասխանելով հայ–թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Ցվիրկունը համոզմունք հայտնեց, որ հակամարտությունները վաղ թե ուշ լուծվում են։

«Ամենագլխավորն այն է, որ դրանք լուծվեն խաղաղ ճանապարհով, ոչ թե ռազմական առճակատմամբ։ Եվ բոլոր երկրները, բոլոր ժողովուրդներն ու բոլոր առաջնորդները, հավանաբար, ունեն բավարար խելք և ողջամտություն այդ հարցերը հենց խաղաղ ճանապարհով լուծելու համար», – ասաց նա` հավելելով, որ դեռևս դժվար է խոսել սահմանի բացման հնարավոր ժամկետների մասին։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է Սևծովյան և Հարավային Բալկանների 12 պետությունները։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ.–ի մայիսի 1–ին Սևծովյան տնտեսական համագործակցության 1992 թ.–ի հունիսի 25–ի պայմանագրի հիման վրա։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։

ՍԾՏՀ–ի մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան։

Հունիսի 21–ին Հայաստանը ընդունեց ՍԾՏՀ–ի նախագահությունը։–0–