Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

18.05.2018, 18:41
«Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում», – ասել է ԱՄՆ դեսպանը ՀՀ վարչապետին։
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: 

«ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին և կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաև այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով: 

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում: 

«Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության և հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում»,- ասել է դեսպան Միլսը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:–0–