Ընդդիմադիր պատգամավորները ճայթռուկներ վառեցին ԱԺ նիստի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավորները գունավոր ճայթռուկներ վառեցին ԱԺ նիստի ժամանակ։
Չորեքշաբթի «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց հայաստանցիներին մասնակցել ապրիլի 13–ին նախատեսված հանրահավաքին` ընդդեմ վարչապետի պաշտոնին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրմանը։
«ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը։ Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13–ին ժամը 18։30–ին դուք գաք Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- ասաց նա և վառեց գունավոր ճայթռուկ:
Ամբիոնի մոտ նրան միացավ նաև ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը, որի ձեռքում ևս վառվում էր երկու գունավոր ճայթռուկ։
Դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ շոուն չստացվեց և խնդրեց օդափոխել տարածքը։–0–