Ականի պայթյունից զինծառայող է զոհվել արցախյան առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ականի պայթյունի հետևանքով ՊԲ զինծառայող է զոհվել, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը»,– ասվում է հաղորդման մեջ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդասմներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշվում է հաղորդագրությունում։
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: -0-