Рейтинг@Mail.ru
USD
366.74
EUR
417.72
RUB
4.7266
GEL
139.31
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերն ու ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցությունը համատեղելի են. ԵՄ

05.09.2013, 11:06
Ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը (DCFTA) կարող են համատեղելի լինել Անկախ Պետությունների Համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ, ասվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերն ու ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցությունը համատեղելի են. ԵՄ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը (DCFTA) կարող են համատեղելի լինել Անկախ Պետությունների Համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ, ասվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Մենք հաշվի ենք առնում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ակնհայտ ցանկությունը։ Մենք անհամբերությամբ ցանկանում ենք ավելի լավ հասկանալ Հայաստանի մտադրությունները, որպեսզի այդ որոշման և պարտավորությունների միջև համատեղելիություն ապահովենք` Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի շրջանակներում։ Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք հետագա գործողությունների համար։ Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և DCFTA–ն բոլորի համար շահավետ բարեփոխումների հիմք է, ոչ թե զրոյական արդյունքով խաղ և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,– նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում մատնանշվում է, որ երեքուկես տարի առաջ հուլիսին ավարտվեցին Հայաստանի հետ բանակցությունները` Ասոցացման մասին համաձայնագրի (այդ թվում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու) վերաբերյալ։ «Այդ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին ԵՄ–ի աջակցությամբ առաջադրել համալիր արդիականացման և բարեփոխումների ծրագիր, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման վրա»,–ընդգծվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:

Նախօրեին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։

2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կկայանա Եվրամիության և ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ–պետությունների ղեկավարության գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագրի նախաստորագրումը մի քանի երկրների, ներառյալ` Հայաստանի հետ։

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, նախաձեռնությունը հաստատվել է 2008 թվականին Բրյուսելում`ԵՄ գագաթնաժողովին, պաշտոնապես հիմնվել 2009 թվականին` Պրահայում։ Ծրագրի նպատակն Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումն է` առանց դրա կազմի մեջ ընդգրկվելու։

Ծրագիրը ենթադրում է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրում ԵՄ տնտեսությունում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։ -0-