«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիայի ձևավորմանը
24.05.2012,
12:52
/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը, նշվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, որը տեղակայված է կուսակցության պաշտոնական կայքում:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը, նշվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, որը տեղակայված է կուսակցության պաշտոնական կայքում:
«Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Կուսակցության առաջնորդը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իր և իր թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
«Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ»,- նշված է Ծառուկյանի հայտրարությունում:
Նշելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն, ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:
«ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում»,- նշված է փաստաթղթում:։
Նա նշել է, որ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են քաղաքացիների իրավունքներն ու շահերը:
Ծառուկյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությանը` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
Նոր գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն ՝ 131 պատգամավորական տեղից 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական համակարգով): ԲՀԿ-ն ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական համակարգով): Երրորդը ՀԱԿ-ն է՝ 7 տեղ: Ժառանգությունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիրը» ստացել են 5-ական տեղ համամասնական համակարգով, սակայն ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ևս մեկական տեղ են ստացել մեծամասնական համակարգով:--0-