Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորել են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը

20.02.2015, 17:51
Փետրվարի 16–19–ը տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել և կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորել են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 16–19–ը տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել և կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

«Համանախագահների այցի գլխավոր նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ հունվարին գրանցված լարվածության վտանգավոր աճից հետո», – նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեր Անդրյոյի (Ֆրանսիա) հայտարարության մեջ։

ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ:

«Համանախագահների հետ քննարկումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրենք հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են: Նախագահները համաձայնել են քննարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը», – նշվում է հայտարարության մեջ։

«Համանախագահները նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաև՝ այս տարի սպասվող նախագահների հանդիպման համար պատրաստությունները»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած մարդկանց վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Նրանք ընդգծել են 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, որոնք վերաբերում է անհետ կորած անձանց մասին տեղեկությունների փոխանակմանը, ինչը պետք է իրականացվի ԿԽՄԿ-ի հովանու ներքո:

Միջնորդներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-