Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար

06.09.2012, 15:27
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հինգշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հինգշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«ՆԱՏՕ–ն` որպես կազմակերպություն, չի ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնման գործընթացում։ Այդ գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում... Չեմ կարծում, թե հակամարտությունը պետք է լուծվի ռազմական ուղով։ Տարածաշրջանի ժողովուրդներին ծառայող միակ լուծումը հակամարտության կարգավորման խաղաղ լուծումն է»,– ասաց ՆԱՏՕ–ի գլխավոչ քարտուղարը։

Ըստ նրա` ՆԱՏՕ–ն շահագրգռված է տարածաշրջանի զարգացմամբ և այնտեղ խաղաղության հաստատմամբ։

«Հայաստանը, ինչպես ողջ հարավկովկասյան տարածաշրջանը, մեծ ներուժ ունի։ Եկել է խաղաղության ժամանակը։ Հայաստանը և տարածաշրջանը խաղաղության են արժանի, և դուք կարող եք դրան հասնել»,– հայտարարեց Ռասմուսենը։

Տարածաշրջանային այցի շրջանակներում Ռասմուսենը կայցելի նաև Ադրբեջան և Վրաստան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-