Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի ՄՄ անդամակցությանը կողմ է ԶԵԱԲ-ի անցկացրած հարցման մասնակիցների 64%

23.09.2014, 17:25
Հայաստանի մուտքը Մաքսային միություն դրական է գնահատում Հայաստանի քաղաքացիների 64 տոկոսը, ովքեր մասնակցել են «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» հարցմանը` անցկացված  Զարգացման եվրասիական բանկի կողմից:
Հայաստանի ՄՄ անդամակցությանը կողմ է ԶԵԱԲ-ի անցկացրած հարցման մասնակիցների 64%
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մուտքը Մաքսային միություն դրական է գնահատում Հայաստանի քաղաքացիների 64 տոկոսը, ովքեր մասնակցել են «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» հարցմանը` անցկացված  Զարգացման եվրասիական բանկի կողմից:

«Հայերի 64 տոկոսն աջակցում է ՄՄ-ին անդամակցելուն: Դեմ է ընդամենը 8 տոկոսը, իսկ հարցվածների 21 տոկոսն անտարբեր է այս հարցի նկատմամբ», - ասաց ԶԵԱԲ_ի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը երեքշաբթի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի մասնակցությամբ անցկացված տեսակամրջի ընթացքում, որը կազմակերպվել էր «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» ծրագրի արդյունքները ներկայացնելու համար:

Համեմատելով «2014 թ.-ի բարոմետրի» արդյունքները նախորդ տարվա նույն ուսումնասիրության տվյալների հետ՝ Վինոկուրովը նշեց, որ նախորդ տարի ՄՄ-ին Հայաստանի միանալուն կողմ էր արտահայտվել հարցվածների 67 տոկոսը, իսկ դեմ՝ ընդամենը 5 տոկոսը:

«Սա զգալի նվազում չէ: 3-4 տոկոսանոց նվազումը բացատրության կարիք չունի, մենք կենտրոնանում ենք միայն 5 տոկոս և ավելի տարբերությունների վրա: 64 տոկոսը աջակցության բավականին բարձր մակարդակ է, որը բավարար է քաղաքական որոշում ընդունելու համար», - ընդգծեց նա:

Միաժամանակ Վինոկուրովն ընդգծեց, որ Հայաստանն այսօր ՄՄ մտնելու թիվ մեկ թեկնածուն է:
«Հաջորդ ամիս այս հարցն արդեն կքննարկվի, և, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կլուծվի նաև մուտքի հետ կապված հարցը: Սակայն դեռ պետք է չէ իրադարձություններից առաջ անցնել», - ավելացրեց նա:

Ուսումնասիրության մեջ ամփոփված են ԱՊՀ-ի 11 երկրներում և Վրաստանում անցկացված հարցման արդյունքները՝ ավելի քան 13 հազար մարդ: Հարցումն անցկացվում է՝ հաշվի առնելով հարցվածների սեռը, տարիքը և բնակության աշխարհագրությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի
միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ մասնակից երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքում:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ պայմանագրի եզրափակիչ տարբերակը ներկայացվել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի կառավարություններին՝ փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական գործընթացների իրականացման համար:

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միություն է, որը եվրասիական ինտեգրման շրջանակում 2015 թ.-ի հունվարի 1-ից ստեղծվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միության հիման վրա:

«Ինտեգրացիոն բարոմետր» նախագիծը գործում է 2012 թ.-ից: Այն իրականացվում է ԶԵԱԲ-ի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և «Եվրասիական մոնիտորի» հետ համատեղ:
Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0–