Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերին, իսկ կվավերացվի՝ մինչև 2013թ.-ի կեսը. ԱԳՆ

12.11.2012, 14:57
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, իսկ վավերացումը տեղի կունենա 2013թ.-ի կեսին, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի կառավարման ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, իսկ վավերացումը տեղի կունենա 2013թ.-ի կեսին, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի կառավարման ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը:

«Դեկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումը, և մենք հուսով ենք, որ մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակը մենք այն վավերացված կտեսնենք»,- «Հայաստանի համար ԵՄ-ի վիզային ռեժիմի դյուրացումը» թեմայով սեմինար-քննարկման ընթացքում նշեց նա:

Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայանգրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև ռեադմիսիայի մասին պայմանագրի ստորագրման հարցը, որը միգրացիոն հոսքերի հսկողություն է ենթադրում:

Նա նշեց, որ փաստաթղթի համաձայն` Հայաստանի բնակչության մի քանի խմբերի ներկայացուցիչների՝ մասնավորապես դպրոցականների, ուսանողների, գիտնականների, հաշմանդամների, լրագրողների և ձեռներեցների համար,  Շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար վիզա ստանալու դյուրացված կարգի ներդրում է ենթադրվում:

Ըստ Մարգարյանի՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո նաև նախատեսվում է վիզայի ստանալու արժեքի նվազում մինչև 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշ կատեգորիաների համար՝ մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխաների և թոշակառուների համար, ընթացակարգն անվճար կդառնա:

Մարգարյանը տեղեկացրեց, որ վիզային ռեժիմի դյուրացումը կաջակցի Հայաստանի և ԵՄ անդամ երկրների բնակիչների միջև միջանձնային հարաբերությունների ակտիվացմանը, ինչպես նաև նրանց միջև տնտեսական, գիտական, կրթական և մշակութային կապերի ամրապնդմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան իր հերթին դրական գնահատեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը:

«Եվրամիությունը և Հայաստանը վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի հարցում զգալի առաջընթաց են գրանցել: Ըստ մեզ՝ այդ առաջընթացը կապահովի վիզաների հասանելիությունը, անշուշտ կբարելավի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը»,- ասաց նա:

Հիշատակելով Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի օրինակները, որոնք նախկինում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի  դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել, Խրիստեան հույս հայտնեց, որ Հայաստանում նույնպես տվյալ գործընթացը հաջող կանցնի և արդյունավետ կանդրադառնա Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման վրա:

Նա նշեց նաև, որ Հայաստանի նախագահական ընտրությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա այդ գործընթացի վրա, քանի որ համաձայնագիրն իրավաբանական գործընթաց է և ոչ մի կապ չունի քաղաքական կյանքի հետ, այդ թվում՝ նախագահական ընտրությունների:

ԵՄ-ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:

Բանակցություններ սկսելու մասին առաջարկն արվել է Եվրահանձնաժողովի կողմից՝ 2011թ.-ի սեպտեմբերին:

Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը պետք է գործողության մեջ մտնեն միաժամանակ: Բանակցությունները մեկնարկել են 2012թ.-ի փետրվարի 27-28-ը Երևանում: ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի ձմռանը: -0-