Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը լեհ դեսպանին հիշեցրել է դիվանագիտական էթիկայի շրջանակների մասին

06.02.2013, 16:17
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու` հայկական թերթերից մեկին տված հարցազրույցը, դիվանագետին հիշեցրել է դիվանագիտական էթիկայի շրջանակների մասին։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը լեհ դեսպանին հիշեցրել է դիվանագիտական էթիկայի շրջանակների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու` հայկական թերթերից մեկին տված հարցազրույցը, դիվանագետին հիշեցրել է դիվանագիտական էթիկայի շրջանակների մասին։

«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում Ռաչինսկին հայտարարել է, որ հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարած մահափորձը կոտրում է «անվտանգ և ապահով Հայաստանի մասին» առասպելը։ Միաժամանակ, Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավն անցկացնում է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։

«Ցանկացած դիվանագետ, առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա»,– Քոչարյանի խոսքն են մեջբերել արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—