Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

07.05.2013, 13:48
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը Երևանում քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը Երևանում քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

«Սա Չեռնոգորիայի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից, և կարծում եմ` լավ սկիզբ և լավ առիթ է, որը կարող է խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,– ուրբաթ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ նրա, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջև պետաիրավական բազայի ձևավորման, քաղաքական երկխոսության աշխուժացման հարցեր։

«Մենք այսօր խոսել ենք միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև քննարկել ենք երկու երկրների ԱԳՆ–ների միջև խորհրդատվական մեխանիզմի ստեղծումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպես կրթությունը, գիտությունը, մշակույթը»,– նշեց նա։

Նալբանդյանը նշեց նաև, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Բալկանների վերջին իրադարձությունները։

Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հերթին ընդգծեց, որ Չեռնոգորիան և Հայաստանն ունեն բարեկամական լավ հարաբերություններ։

«Առաջիկայում մենք պետք է ավելի ինտենսիվ քաղաքական շփումներ հաստատենք, որոնք բոլոր բնագավառներում հետագա համագործակցության դռներ կբացեն»,– ասաց նա։

Լուկշիչը նաև վստահություն հայտնեց, որ նրա այցը Հայաստան, ինչպես նաև ոչ ռեզիդենտ դեսպանների փոխանակումը մեծ դեր կխաղա երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսությունում, մշակույթում, կրթության և գիտության ոլորտում կապեր հաստատելու գործում։

Լուկշիչը Հայաստանում է մայիսի 6-7–ը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հրավերով։

Այցի ընթացքում Լուկշիչին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Չեռնոգորիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։ -0-