Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահների հանդիպման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Քոչարյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են ղարաբաղյան հակամարտության կողմերին բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել։
«ԱԳ նախարարներն աշխատում են այս ուղղությամբ, սակայն դեռ որևէ վերջնական որոշում և պայմանավորվածություն չկա», – ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով հակամարտության գոտում հայկական կողմից իբր ագրեսիայի վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունների ակտիվացմանը` փոխարտգործնախարարը նշեց, որ նման հայտարարությունների հիմք չկա։
«Մի պետության հետ գործ ունենք. ընդամենը մի բան կարող եմ նշել. հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել», – ասաց Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16–ին տեղեկացրեց, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։
Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ առանձնապես սպասումներ չունի նման հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա։–0–