Հայաստանի ոստիկանության աշխատակազմում կրճատումներ են սպասվում. պետի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 1–ից Հայաստանի ոստիկանության աշխատակազմում կրճատումներ են սկսվելու, երկուշաբթի ասաց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2015 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում։
Հայաստանի կառավարության նախորդ նիստի ընթացքում նշվել է, որ աշխատանքներ են տարվում պետկառավարման համակարգի օպտիմալացման վերաբերյալ վարչապետի կարգադրությունների կատարման ուղղությամբ։ Մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է օպտիմալացնել պետկառավարման համակարգը, անցնել բյուջեի տնտեսման ռեժիմի, կրճատել գործուղումների և ներկայացուցչական ծախսերը։ Արդյունքում ներկայացվել է մոտ 800 ծառայողական մեքենաների կրճատման առաջարկ, իսկ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է համապատասխան հաշվետվություններ ներկայացնել։
Ինչպես նշեց ոստիկանության պետի տեղակալը, 2012 թվականից Կենտրոնական աշխատակազմում կրճատվել է 218 մարդ։ «Հունիսի 1–ից կսկսվեն կրճատումներ և, հիմնականում, սկսած ոստիկանության ղեկավարի աշխատակազմից, որն այս պահին, մեր գնահատականներով, բավական մեծ է»,– ասաց Եղիազարյանը։
Նա նշեց, որ ոստիկանության հիմնական խնդիրների մեկը ոստիկանի դրական կերպարի ձևավորումն է, և այդ ուղղությամբ իրավաբանական գիտելիքների, ընդհանուր կրթական մակարդակի, ինչպես նաև արտաքին տեսքի բարելավման աշխատանք է տարվում։
Միաժամանակ, ոստիկանապետի տեղակալը նշեց, որ 2015 թվականին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցվել է 1584 ծառայողական հետաքննություն, որոնց արդյունքներով սահմանվել է 920 կարգապահական տույժ, հարուցվել է 31 քրեական գործ 41 անձի նկատմամբ, նրանցից 12–ը դատապարտվել են։ -0-