Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը հայ–վրացական տնտեսական համագործակցության հեռանկարներ են քննարկել

19.06.2014, 20:00
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, հայտնեց պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը հայ–վրացական տնտեսական համագործակցության հեռանկարներ են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, հայտնեց պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առևտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Վրաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի հունվար–ապրիլին կազմել է մոտ 43.7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3.7 տոկոսով։

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի և Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»: -0-