Рейтинг@Mail.ru
USD
366.72
EUR
417.91
RUB
4.7052
GEL
139.58
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը դեմ է ԵԽԽՎ–ի` ղարաբաղյան հակամարտության մասին զեկույց պատրաստելու որոշմանը. ԱԳՆ ղեկավար

11.06.2015, 21:17
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեմ է արտահայտվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմանը` ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանը դեմ է ԵԽԽՎ–ի` ղարաբաղյան հակամարտության մասին զեկույց պատրաստելու որոշմանը. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեմ է արտահայտվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմանը` ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին»,–  հինգշաբթի ասել է Նալբանդյանը ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլիի հետ հանդիպմանը։

ԵԽԽՎ–ն անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախաձեռնությամբ որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի այլ բռնազավթված տարածքները» անվանումով զեկույց պատրաստելու մասին։ Հայաստանը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխելու փորձերին։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-