Հայաստանը կարող է կանխատեսելի հարևան լինել եվրոպացիների համար. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Euronews–ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ կարող է առաջարկել Եվրամիությանը։
Այն հարցին, թե «ֆուտբոլիստ Մխիթարյանը լավ արտահանում է, իսկ ուրիշ ի՞նչ»` նախագահն ընդգծել է, որ «մենք Հենրիխ Մխիթարյանը և գրոսմայստեր Լևոն Արոնյանի պետ հայտնի շատ մարդիկ ունենք, օլիմպիական չեմպիոններ ունենք, բայց կարող ենք օգտակար լինել Եվրամիությանը մեր գյուղատնտեսական հիանալի արտադրանքի արտահանմամբ»։
«Տեղեկատվական տեխնոլոգիաները նույնպես շատ արագ են զարգանում Հայաստանում։ Բայց, նախևառաջ, մենք կարող ենք լավ հարևան, կանխատեսելի հարևան լինել եվրոպացիների համար»,– նշել է նա։
Խոսելով ԵՄ–ի հետ շրջանակային համաձայնագրի մասին` նախագահը նշեց, որ այն այնքան էլ չի տարբերվում նախորդից։
«Քաղաքական մասում գրեթե որևէ տարբերություն չկա։ Ինչ վերաբերում է տնտեսական մասին, մենք պետք է խուսափենք Եվրասիական տնտեսական միության նկատմամբ մեր ունեցած պարտավորությունների հետ հակասություններից»,– ասել է նա։
Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հայտարարվել էր Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստիպված թուլացվել է փաստաթուղթը, որ այն հարմար լինի Ռուսաստանին` Սարգսյանն ընդգծել է, որ բանակցությունների ամենակսզբում արդեն նշվել էր, որ կարելի է ունենալ և ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր, և Եվրասիական տնտեսական միության հետ սերտ ինտեգրում։
Պետության ղեկավարն ավելացրել է, որ առայժ վաղ է խոսել ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև հավասար մակարդակների մոտենալու մասին։
«Ավելի լավ է խոսել այդ երկու միությունների միջև գործակցության մասին։ Մենք սեփական օրինակով ցույց ենք տալիս, որ դա հնարավոր է»,– ասել է Սարգսյանը։
Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը որևէ հակասություն չի տեսնում ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի հետ գործընկերության միջև։
«Ես հանդիպեցի ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ։ Հրավիրեցի նրան մեր հաջող գործակցության 25–ամյակի առիթով կազմակերպվելիք հանդիսությանը»,– ավելացրել է Հայաստանի նախագահը։ -0-