Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+35

ՀՀ առողջապահության նախարարությունը երկրորդ անգամ է առաջարկել Անդրիաս Ղուկասյանին ստացիոնար հետազոտություն անցնել

12.02.2013, 10:53
ՀՀ առողջապահության նախարարությունը երկրորդ անգամ է առաջարկել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին ստացիոնար հետազոտություն անցնել։
ՀՀ առողջապահության նախարարությունը երկրորդ անգամ է առաջարկել Անդրիաս Ղուկասյանին ստացիոնար հետազոտություն անցնել
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը երկրորդ անգամ է առաջարկել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին ստացիոնար հետազոտություն անցնել։

ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։  

«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է, որ ընտրություններն անօրինական են, որովհետև իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչական լծակներ է օգտագործում։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրություններ անցկացնելու նպատակով։

Փետրվարի 6-ի առավոտյան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր։ Ժամանել էր Շտապօգնության բրիգադը։ Գիտությունների ազգայի ակադեմիայի մոտ 23-րդ օրն անընդմեջ հացադուլի նստած թեկնածուի մոտ շուրջօրյա բժշկական հերթապահություն է իրականացվում։

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։  Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի  թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի։  Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։

Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—