Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը

29.01.2018, 17:23
Ռուսաստանը մեծ դեր է խաղում մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման հարցում։
ՀՀ արտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը մեծ դեր է խաղում մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման հարցում։ Այդ մասին երկուշաբթի հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի փաստը։

Մոտ օրերին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջանը ստացել է ռուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակ։ 2017 թվականի հունիսի վերջին նույնպես հաղորդվել էր Ադրբեջանին «Քրիզանթեմ-C» հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումների մասին։ 

«Մենք մեր կողմից անում ենք հնարավորինս` տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն պահպանելու համար` Մոսկվայից արտոնյալ գներով զենք գնելով։ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես տարածաշրջանային կարևորագույն խաղացող` կարևոր դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովմաբ գործում»,– ասաց Նալբանդյանը 2017 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Հայաստանի կառավարությունը 2017 թվականի հոկտեմբերի 12–ի նիստում հավանություն էր տվել Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի պաշտպանական համաձայնագրի ստորագրմանը։ Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանը Հայաստանին կներկայացնի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման պետական արտահանողական վարկ։

Նալբանդյանը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ իր գործընկերային հարաբերությունների շրջանակում անում է հնարավորինս` իր պաշտպանունակության բարձրացման համար։
«2010 թվականին, երբ ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեության մասին նոր պայմանագիրը, դրանում հատուկ կետով նշվեց, որ ռուսական կողմը Հայաստանին կտրամադրի նոր սպառազինություն, ինչը և այժմ կատարվում է»,– ասաց Նալբանդյանը։ -0-